ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների հարազատները վրաններ են տեղադրել Նեթանյահուի տան մոտ

ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող պատանդների հարազատները վրաններ են տեղադրել Նեթանյահուի տան մոտ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հոկտեմբերի 7-ին առևանգված պատանդների հարազատները Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան դիմաց վրաններ են տեղադրել բողոքի ցույցից հետո, որի ժամանակ պահանջել էին գործարք կնքել պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Times of Israel պարբերականը հաղորդում է, որ վրանների կողքին կախված են պատանդներին ազատ արձակելու կոչերով ցուցանակներ ու պաստառներ։

Ակցիան տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել, որ Նեթանյահուն մերժել է իսրայելցի գերիներին վերադարձնելու՝ ՀԱՄԱՍ-ի առաջարկած պայմանները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Reuters-ի հրապարակման համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պահանջել է, որ պատանդների ազատման դիմաց Իսրայելը լիովին դուրս գա Գազայի հատվածից և անկլավի վերահսկողությունը թողնի ՀԱՄԱՍ-ին։

The Times of Israel-ը, վկայակոչելով «Պատանդների և անհայտ կորածների ընտանիքների ֆորում» խմբի ներկայացուցչին, հաղորդում է, որ ցուցարարներն իրենց վրաններում կմնան այնքան ժամանակ, մինչև վարչապետը չհամաձայնի պատանդներին վերադարձնելու գործարքին։

Համաձայն իսրայելական կողմի՝ Գազայում ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 132 պատանդ․ նրանցից 28-ը զոհվել են ռազմական գործողությունների ընթացքում։ Մնացած 105 պատանդները վերադարձվել են նոյեմբերի վերջին կողմերի միջև ձեռք բերված հումանիտար հրադադարի շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում