Զարեհ Սինանյանը Նիժնի Նովգորոդում Օլգա Գուսևայի հետ տեղի հայ համայնքին առնչվող հարցեր է քննարկել

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Նիժնի Նովգորոդ այցի ընթացքում հանձնակատարը հանդիպել է մարզի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Օլգա Գուսևայի հետ, որի ընթացքում քննարկվել են տեղի հայ համայնքին առնչվող հարցեր:
Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակը։
Զարեհ Սինանյանը կարևորել է Ռուսաստանի հայ համայնքի դերը Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման գործում:
«Նիժնի Նովգորոդի հայ համայնքը մարզի զարգացման համար ներդնում է իր լավագույն որակները, գիտելիքներն ու տաղանդը: Մենք հետաքրքրված ենք կապերի զարգացմամբ և պատրաստ ենք աջակցել նոր նախաձեռնությունների իրականացմանը»,-նշել է դեպարտամենտի ղեկավարը:
Այնուհետ Զարեհ Սինանյանը հանդիպել է Նիժնի Նովգորոդի հայկական համայնքում ներգրավված երիտասարդների հետ, ներկայացրել գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, շեշտադրել հատկապես այս տարվա օգոստոս ամսին նախատեսված երիտասարդական համաժողովը` կարևորելով երիտասարդների մասնակցությունը նաև համաժողովի օրակարգի նախապատրաստման գործում։
Երիտասարդների հարցերը հանձնակատարին վերաբերել են Հայաստան-սփյուռք գործակցությանը, հայրենիքի անվտանգությանը, Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ինտերգրմանը, գրասենյակի ծրագրերին մասնակցելու հնարավորություններին և այլն։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երիտասարդները համաժողովի նախագծային տարբերակին ծանոթանալուց հետո կներկայացնեն իրենց առաջարկությունները Նիժնի Նովգորոդում Սփյուռքի երիտասարդ դեսպան Հունան Ղուլյանի միջոցով։
Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարն եղել է նաև Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ եկեղեցու Ս.Ամենափրկիչ տաճարում, այնուհետ այցելել «Ռուսաստան` իմ պատմություն» թանգարան։
Կարծիքներ