«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը 2023 թ․ հունվարի 31-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել մասնակցել 2023 թ. նախատեսվող Երևանի ավագանու ընտրություններին։

«Նկատի ունենալով, որ խորհրդարանական «ընդդիմությունն», ըստ էության, ջախջախված է, չունի ավելի մեծ հեղինակություն ու ազդեցություն, քան գործող իշխանությունը, իսկ 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մինչ օրս դրսևորած վարքագիծն էլ ավելի է նվազեցրել նրանց քաղաքական վարկանիշը, հետևաբար՝ վերջիններս կորցրել են իրենց մրցունակությունն ու քաղաքական գրավչությունը, ինչն ավելի անվերահսկելի է դարձրել խորհրդարանական մեծամասնությանը, միաժամանակ խիստ կարևորելով Երևանի դերն ու նշանակությունը մեր պետության համակարգային զարգացման գործընթացում, իսկ Երևանի ավագանու գործոնը դիտարկելով կարևորագույն միջոց՝ մայրաքաղաքի բնականոն զարգացումն ապահովելու տեսանկյունից, գտնում ենք, որ այլընտրանքային քաղաքական ուժի հաջողությունն ու ներկայիս պայմաններում ընդդիմադիր քաղաքապետ ունենալու իրողությունը կարող է որոշակիորեն հավասարակշռել խախտված քաղաքական դաշտը, նպաստել առողջ մրցակցության ապահովմանը, ինչն իր հերթին դրականորեն կազդի մեր պետության ընդհանուր զարգացմանը։

Պարզ ասած, «Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ պետք է բացառել իշխող ուժի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրվող Տիգրան Ավինյանի և նախկին իշխանությունների որևէ ներկայացուցչի կամ նրանցից սերված որևէ սուբյեկտի քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը»,- մասնավորապես ասված է կուսակցության կառավարման խորհրդի հայտարարության մեջ:

«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ քաղաքական դաշտի ներկայիս պայմաններում Երևանը պետք է ունենա խելացի, ինտելեկտուալ, չվարկաբեկված, կոռուպցիոն որևէ գործընթացում չթաթախված, Երևանն իրապես սիրող և Երևանի այլընտրանքային զարգացման հայեցակարգ ունեցող ու այն կատարելուն ունակ քաղաքական որակներ ունեցող քաղաքապետ, ուստի իր խնդիրն է համարում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում հասնել Երևանի քաղաքապետի ընդունելի թեկնածուի առաջադրման, որը կվայելի հանրության աջակցությունն ու կստանա անհրաժեշտ վստահության քվե՝ ավագանու ընտրություններում անվերապահ հաղթանակն արձանագրելու գործում։

«Հույս ենք հայտնում և կանենք մեզանից առավելագույնը նախընտրական շրջանում համընդհանուր հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու, ապագային միտված ծրագրային բանավեճ կազմակերպելու և արդար Հայաստան կառուցելու շուրջ համազգային կոնսենսուս ձևավորելու համար։

Մենք շանս ունենք փոխել մեր պետության որակը՝ ստեղծելով իրապես ուժեղ, բարեկեցիկ ու արդար Հայաստան»,- նշված է հայտարարության տեքստում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում