Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասում Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքի կիրառման փաստով

Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասում Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքի կիրառման փաստով

Ֆրանսիան անհանգստացած է Դոնբասում ուկրաինական բանակի կողմից թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի կիրառման մասին տեղեկությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Մենք անհանգստացած ենք Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ակտիվացմամբ, ներառյալ մինսկյան համաձայնագրերով արգելված ծանր սպառազինության հաճախակի կիրառումով, ինչպես նաև «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքի օգտագործման մասին ուկրաինական բանակի գլխավոր շտաբի հայտարարությամբ»,- ասել է դիվանագետը։

«Ֆրանսիան Գերմանիայի հետ միասին կշարունակի ջանքերը Նորմանդյան ձևաչափի շրջանակներում՝ նպատակ ունենալով լիովին իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները, որոնք միակ համաձայնեցված հիմքն են Դոնբասում հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար»,- ընդգծել է նա։ ԱԳՆ խոսնակն ասել է, որ «Ֆրանսիան կոչ է անում կողմերին զսպվածության ու լարվածության թուլացման»։

Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ զինվորականները Դոնբասում առաջին անգամ օգտագործել են «Բայրաքթար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում