2022-ին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 14 դեպք է արձանագրվել․ ինչ պատիժ է նախատեսում քրեական օրենսգիրքը

2022-ին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 14 դեպք է արձանագրվել․ ինչ պատիժ է նախատեսում քրեական օրենսգիրքը

2022 թվականի 10 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներում արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 14 դեպք։ Դրանք ստացել են համապատասխան ընթացք։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունն ու ներկայացրել թեմատիկ անդրադարձ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի և դրա հետևանքների վերաբերյալ։

Ոստիկանությունը մասնավորապես հիշեցրել է Գյումրիում կառապանի կողմից բաց վերքով և ոտքերի վրա դժվարությամբ կանգնող ձիու շահագործման դեպքը։

Քաղաքացիների ահազանգով ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դադարեցվել է ձիու շահագործումը և նշանակվել համապատասխան բուժում։

Ոստիկանությունը մեկ անգամ ևս տեղեկացրել է, թե ինչ պատիժ է նախատեսված ՀՀ ՔՕ 307-րդ՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը» հոդվածով։

«Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Կենդանիներին պաշտպանելու և նրանց նկատմամբ դաժանություն ցուցաբերող անձանց պատժելու մեխանիզմը նպատակ ունի փոխել կենդանիների նկատմամբ հասարակության վերաբերմունքը։

Վերջին 3 տարիներին ոստիկանություն քաղաքացիներից ստացված հաղորդումները վկայում են, որ հասարակությունը դատապարտում է կենդանիների նկատմամբ դաժանությունը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, եթե ականատես եք եղել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խնդրում ենք դիմել ոստիկանություն։ Միասի՛ն պայքարենք անմարդկային երևույթի դեմ»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Կենդանիների պաշտպանության մասին առաջին օրենքներն ընդունվել են 1635 թվականին՝ Իռլանդիայում, իսկ 1641 թվականին Հյուսիսային Ամերիկայում լույս է տեսել կենդանիների պաշտպանության մասին առաջին օրենսգիրքը։ Այն արգելում էր բռնություն ու դաժանություն կիրառել Աստծո ստեղծած ցանկացած արարածի նկատմամբ։

1977 թվականին Լոնդոնում ընդունվեց կենդանիների իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը, որը սահմանում է կենդանիների նկատմամբ հարգանքը, արգելում դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը։

Հայաստանում 2019 թվականից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվել է։ Նոր քրեական օրենսգրքով նույնպես արարքը քրեորեն պատժելի է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում