Դոնալդ Թրամփը խոստացել է ԱՄՆ-ում չմտցնել դիմակ կրելու պարտադիր ռեժիմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ չի ստորագրի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պարտադիր դիմակ կրելու մասին հրամանը, հայտնում է BBC News-ը:
Թրամփն այս հայտարարությամբ հանդես է եկել ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով ամերիկացի առաջատար փորձագետ Էնթոնի Ֆաուչիի կոչից հետո՝ «ինչպես կարելի է մարդկանց ավելի համոզիչ ստիպել դիմակ կրել»:
Ընդ որում՝ նա հավելել է, որ դիմակ կրելն իսկապես կարեւոր է, եւ «մենք բոլորս պետք է այն կրենք»:
Հեռուստաալիքը նշում է, որ ԱՄՆ-ում դիմակ կրելը ծայրահեղ քաղաքականացվել է: Նահանգապետների մեծ մասը կարգադրել է պարտադիր դիմակ կրել: Նրանց թվում է նաեւ Ալաբամայի հանրապետական նահանգապետ Քեյ Այվին:
Դոնալդ Թրամփը, որը նախկինում դիմակ չէր կրում, անցյալ շաբաթ առաջին անգամ հանրությանն է ներկայացրել փակ դեմքով:
Սակայն ուրբաթ Fox News-ի հետ հարցազրույցում նա հայտարարել էր, որ համաձայն չէ պարտադիր դիմակ կրելուն՝ պնդելով ժողովրդի «որոշակի ազատությունը»:
Ավելի վաղ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները հանդես էին եկել հայտարարությամբ, որում բոլորին կոչ էին արել դիմակ կրել:
«Մենք COVID-19-ի դեմ անզեն չենք: Դեմքը կտորով փակելը ամենահզոր զենքերից մեկն է, որն ունենք վիրուսի տարածումը դանդաղեցնելու եւ դադարեցնելու համար, հատկապես հանրային վայրերում ունիվերսալ օգտագործման դեպքում»,- հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների բժիշկ Ռոբերտ Ռեդֆիլդը:
Կարծիքներ