Հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանի հայտարարությունը սխալ է. «Սև Բերդ» ամրոցը քրեական վարույթով քննության առարկա է. Գլխավոր դատախազություն

Հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանի հայտարարությունը սխալ է. «Սև Բերդ» ամրոցը քրեական վարույթով քննության առարկա է. Գլխավոր դատախազություն

Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «…քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին»:

Պարզաբանում ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը Սամվել Բալասանյանի այս հայտարարության՝ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանի կողմից նշված պնդումը սխալ է և չի համապատասխանում իրականությանը: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով «Սև Բերդ» ամրոցը ևս քննության առարկա է: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի համապատասխան կարգադրությամբ Գյումրու «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում: Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ, «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ 2005 թվականի ապրիլի 22-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված սեփականության իրավունքի վկայականով հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը։

Այնուհետև, Պաշտպանության և Արդարադատության նախարարության պետական բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով «Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքի պահանջները, ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով Պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը:

Մասնավորապես՝ ձևական հղում կատարելով տվյալ հուշարձանի օտարմանն առհասարակ չվերաբերվող՝ Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված հողամասերն օտարելու թույլտվության վերաբերյալ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 147-Ա որոշմանը՝ Պաշտպանության նախարարության լիազորված անձի և գնորդ հանդիսացած Տիգրան Պետրոսյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որն էլ 2005 թվականի մայիսի 11-ին վավերացվել է «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից։2012 թվականի նոյեմբերի 15-ին Տիգրան Պետրոսյանը 626 քմ մակերեսով Սև Բերդ ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքն օտարել է Սամվել Բալասանյանին։Վերը նշված դեպքի կապակցությամբ, ինչպես նաև Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանը ձեռք բերած անձանց կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքը ձեռք բերելու, տնօրինելու իրավաչափությունը ստուգելու և, ըստ այդմ, անհրաժեշտ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ կատարվում է նախաքննություն:

Միաժամանակ կատարված նախաքննությամբ հիմնավորել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանին հարակից՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի օտարման գործընթացում պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև փողերի լվացման հանգամանքը:

Արդյունքում, Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանը, ինչպես նաև դրան հարող հողատարածքները դարձել են Սամվել Բալասանյանի ընտանիքի սեփականությունը:

2024 թվականի հոկտեմբերի 2-ին Սամվել Բալասանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (2 դրվագ) (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել գործող Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երեք անձի նկատմամբ:

Դատախազը Խաչատուր Բալասանյանի և վերոնշյալ երեք անձանց վերաբերյալ մասն անջատել է քրեական վարույթից և հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Սամվել Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը, հայտարարված է հետախուզում»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում