ՔՊ-ի պատգամավորները հանդիպել են Ժիրայր Լիպարիտյանի հետ
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանում հանդիպել են պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանի հետ, լսել նրա կարծիքը՝ տարբեր հարցերի վերաբերյալ: Այս մասին ասաց ՔՊ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:
«Լիպարիտյանն այս օրերին գտնվում էր ՀՀ-ում: Մենք տեղեկացանք այդ մասին, և իմ նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում վերջինիս հետ՝ հաշվի առնելով արտաքին քաղաքականության ոլորտում Լիպարիտյանի հարուստ փորձը և խորը գիտելիքները՝ բանակցային գործընթացի բոլոր մանրամասների վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:
Աղաջանյանը Լիպարիտյանին հրավիրել է որպես փորձագետ, պատգամավորները հարցրել են կարծիքներ տարբեր հարցերի վերաբերյալ: Քննարկման բուն թեման Լիպարիտյանի համահեղինակությամբ լույս տեսած «Սպիտակ թուղթ» գիրքն է եղել, որում անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրին, պատերազմի պատճառներին, դրա հետևանքներին, Հայաստանի կողմից հնարավոր դիվանագիտական քայլերին և մարտավարությանը:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Լիպարիտյանը, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը, ասաց, որ դա կարդացել է առավոտյան, մանրամասների չի տիրապետում:
Սակայն Լիպարիտյանը նշեց՝ ինքը միշտ համաձայն է եղել, որ մեր բոլոր հարևանների հետ հարաբերությունները նորմալանան:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին տարածած հայտարարությամբ հիշեցրել էր, որ Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին: ԱԳՆ-ն այս առումով դրական է գնահատել Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատել, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի:
Կարծիքներ