Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ու Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրը քննարկել են Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում հնարավոր զարգացումները: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը:
«Մարտի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիսի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանալից կերպով ներկայացրեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները»,- ասված է հաղորդագրությունում:
Դեսպան Թումանյանն անդրադարձել է տարածաշրջանային ներկա իրողությունների պայմաններում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման միտումներին, փոխշահավետ համագործակցության ուղղությունների և ծրագրերի հստակեցման և դրանց ակտիվ կենսագործման անհրաժեշտությանը։
«Մ․ Զոլնուրը խոսեց 2020թ․ Ղարաբաղյան պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում Իրանի որդեգրած դիրքորոշումների և ձեռնարկած քայլերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին»,- հայտնում է դեսպանությունը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև կապերի հետագա ամրապնդումը, համակողմանի և արդյունավետ համագործակցության խորացումը բխում է ինչպես երկու բարեկամ երկրների շահերից, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունից։
Կարծիքներ