ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ցանկանում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, ինչի համար սկսել են պատգամավորների ստորագրահավաք:
Լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը «Լուսավոր Հայաստանի» հետ նախաձեռնում է արտահերթ նիստ: Այս ստեղծված իրավիճակն անպայման պետք է քննարկվի և պետք է հանգուցալուծման բոլոր ճանապարհները թե քննարկվեն, թե բացհայտվեն: Հայաստանում այսօր տեղի ունեցող գործընթացները պետք է բերել այն դաշտ, որ հանկարծ չլինեն բախումներ, ցնցումներ»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարևորեց, որ ստեղծված լարված իրավիճակում կարողանան գործընթացները վերադարձնել քաղաքական հուն, բերել ԱԺ, ծավալել քննարկում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ստորագրահավաքը սկսվել է: Նա հույս հայտնեց, որ նիստը կկայանա:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: «Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել էր Փաշինյանը: Փաշինյանն իր աջակիցների հետ քայլում է Երևանի կենտրոնական փողոցներում:
Ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը ևս կոչ է արել քաղաքացիներին ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ զորակցություն հայտնելու ՀՀ զինված ուժերին:
Կարծիքներ