Երևանի և Ցինդաոյի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր

Երևանի և Ցինդաոյի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր

Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր: Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և տնտեսության այլ ոլորտներում:

Հեռավար հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետի առաջին տեղակալ Լիու Ծիանծունը քննարկել են երկու քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցությունների քարտուղարներ Մարկոս Հարությունյանն ու Անի Խաչատրյանը:

Ցինդաո քաղաքից ստորագրման արարողությանը մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա առարկայական ծրագրեր իրականացնելու քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:

«Չինաստանն ու Հայաստանը դեռ դարեր առաջ ունեցել են բարեկամական հարաբերություններ, իսկ այսօր ստորագրվող հուշագիրը ևս մեկ ապացույց է մեր փոխադարձ ցանկությանը՝ պահպանելու և ամրապնդելու բազմադարյա բարեկամական կապերը:

Այս փաստաթուղթն իր մեջ ներառում է երկու քաղաքների միջև գործակցության բավական հետաքրքիր ուղղություններ: Երևանը, ինչպես աշխարհի բազմաթիվ մեծ քաղաքներ, ունի տարատեսակ մարտահրավերներ, և մեզ չափազանց հետաքրքիր է ուսումնասիրել քաղաքային տնտեսության կառավարման համակարգի ձեր փորձը»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Ցինդաոյի քաղաքապետի առաջին տեղակալ Լիու Ծիանծունն իր հերթին նկատել է, որ համաձայնագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա բազմոլորտ գործակցություն ծավալելու հարցում:

«Չինաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն արդեն 30 տարվա պատմություն ունի, և շատ կարևոր է, որ այսօր գործակցության հիմքեր են դրվում նաև քաղաքների և տեղական իշխանությունների մակարդակով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք փաստաթղթի լիարժեք կիրառմանը»,- նշել է Լիու Ծիանծունը:

Հանդիպման շրջանակում ելույթներով են հանդես եկել նաև Հայաստանում և Չինաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում