ՔՊ-ն արդարադատության նախարարի թեկնածու դեռ չունի․ Ալեն Սիմոնյանը մոտեցումները վերանայելու կարիք է տեսնում

ՔՊ-ն արդարադատության նախարարի թեկնածու դեռ չունի․ Ալեն Սիմոնյանը մոտեցումները վերանայելու կարիք է տեսնում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համարում է, որ իշխող ուժը պետք է վերանայի մոտեցումը և արդարադատության նախարարի թեկնածու դիտարկի նաև իրենց կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով արդեն տևական ժամանակ նախարար չընտրելու վերաբերյալ հարցին: 

«Ներկայացվող թեկնածուների 80 տոկոսն ասում է, որ գոհ է այն պաշտոնից, որը զբաղեցնում է: Մենք երևի մի փոքր սխալ բան ենք արել, մենք քննարկում ենք բոլոր թեկնածուներին՝ անկախ նրանից, թե այդ թեկնածուն իր համաձայնությունը տվե՞լ է, թե՞ ոչ: Մենք, այնուամենայնիվ, հնարավորություն ենք ընձեռում ելույթ ունենալ»,–ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ բոլոր թեկնածուներն իրենց տեսլականն են ներկայացրել: Որոշում է կայացվել, որ դեռ չունեն ցանկալի թեկնածու, որին կտան այդ մեծ բեռը:

ԱԺ նախագահը շեշտեց՝ փորձում են հնարավորինս ծանրակշիռ մարդկանց առաջադրել: Նա վստահ է, որ մոտ ապագայում կունենան թեկնածու:

Անդրադառնալով հարցին՝ իշխող ուժը շարունակո՞ւմ է ունենալ այն սկզբունքը, որ նախարարի թեկնածուն պետք է լինի կուսակցական՝ Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ արդեն մենք պետք է դա նույնպես վերանայենք և հնարավորություն տանք թեկնածու ներկայացնել նրանց,  որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ չեն: Նմանատիպ բազմաթիվ լավ փորձեր ունենք»:

Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարական էր ներկայացրել Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը հոկտեմբերի 22-ի նիստում արդարադատության նախարարի պաշտոնում որևէ թեկնածուի չի հաստատել։ Քննարկվել է 4 անձի թեկնածություն՝ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում