Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային քննարկում ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումների վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 17-ին խորհրդարանում աշխատանքային քննարկում է կազմակերպվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը և ԱԺ պատգամավորներ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Նախաձեռնության հեղինակներ Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի ու Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենաների լրացուցիչ նվագարկիչներից, ուժեղացուցիչներից և բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը խախտում է հասարակական անդորրը, ինչպես նաև դժվարացնում շչակների ձայնը լսելը, հատուկ ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների ազդանշաններին արձագանքելն ու երթևեկելը: Փոփոխություններով նախատեսվում է, որ նման դեպքերն ունենան ավելի խիստ օրենսդրական արձագանք:
Քննարկման մասնակիցների մտքերի փոխանակության արդյունքում ձեռք է բերվել նախագիծը վերջնական տեսքի բերելու և ապագայում ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու պայմանավորվածություն:
Կարծիքներ