ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։
Ազգային ժողովը մերժել է Հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին:
ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018թ. հունիսի 11-ին Հանրապետության նախագահի ՆԿ84-Ա կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ և հայտարարվել թեկնածությունների հայտերի ընդունման մասին։
Հայտ ներկայացրած 28 թեկնածուների հետ հարցազրույցի արդյունքում խմբի յուրաքանչյուր անդամ փակ ընթացակարգով ներկայացրել էր իր անհատական կարծիքը։ Ամփոփելով այդ կարծիքները՝ Հանրապետության նախագահին էր ներկայացվել հետևյալ 3 թեկնածուներից կազմված ցուցակ՝ Վահե Գրիգորյան, Գոռ Հովհաննիսյան, Արթուր Վաղարշյան: Ցուցակում թեկնածուների ներառման հերթականությունը պայմանավորված էր խմբի անդամների կողմից նրանց տրված համապատասխան դրական կարծիքների քանակով:
Հանրապետության նախագահը ներկայացված ցուցակից նույն հերթականությամբ հաջորդաբար առաջադրել էր Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին:
Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրվեց 2018թ. հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2018թ. հոկտեմբերի 23-ին:
Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մարտի 21-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. ապրիլի 16-ին:
Արթուր Վաղարշյանի թեկնածությունը առաջադրվեց 2019թ. մայիսի 15-ին, Ազգային ժողովի կողմից մերժվեց 2019թ. մայիսի 29-ին:
Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվեց 2019թ. մայիսի 30-ին: Ազգային ժողովը նրան ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր 2019թ. հունիսի 18-ին:
Գոռ Հովհաննիսյանը 2020թ. հուլիսի 27-ին հրաժարվեց կրկին առաջադրելու նպատակով իր թեկնածությունը քննարկելուց:
Արթուր Վաղարշյանի թեկնածությունն առաջադրվում է երկրորդ անգամ:
Հանրապետության նախագահը ստորագրել է Արթուր Վաղարշյանի առաջադրման գրությունը:
Այսպիսով, Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրումները կատարել է խորհրդատվական աշխատանքային խմբի առաջարկած թեկնածուներից՝ ցուցակում նրանց հերթականության կարգով:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը հստակորեն հայտնեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության կարգի վերաբերյալ իր դիրքորոշումը:
Սահմանադրության տրամաբանությանն ու ոգուն համահունչ և դատաիրավական բարեփոխումների նպատակին համապատասխան կլիներ, եթե Սահմանադրությամբ սահմանվեր ոչ թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու, այլ՝ Նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի և կառավարության/Ազգային ժողովի կողմից դատավորին ուղղակի նշանակելու լիազորություն:
Այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատվություն կկրի իր ընտրության համար: Սահմանադրական դատարանի կազմը կլինի հավասարակշռված, կապահովվի դատավորների անկախությունը, քանի որ նրանք զերծ կլինեն քաղաքական փոփոխությունների ներգործությունից: Լիարժեք և արդյունավետ կգործի ժողովրդավարական կառավարման համար կարևորագույն զսպումների ու հակակշիռների սահմանադրական սկզբունքը և կապահովվի անաչառ սահմանադրական արդարադատություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ