Նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունների գործով քրեական հետապնդման է ենթարկվել 53 անձ. ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու, կողոպուտ և տարաբնույթ այլ հանցագործություններ կատարելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ 53 մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:
«Ընդ որում, դատարան ուղարկված քրեական գործերի դատաքննության արդյունքներով 7 անձանց վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, ովքեր դատապարտվել են ազատազրկման ձևով պատժատեսակների, իսկ մնացած անձանց մասով դատական քննությունն ընթացքի մեջ է:
Հարկ է նշել, որ նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզաբանվել են շուրջ 550-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են ակտիվ որոնողական աշխատանքներ»,- նշված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԱԾ-ի` քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ