Չավուշօղլուն խոսել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արարատ Միրզոյանին և Ռուբեն Ռուբինյանին հրավիրելու մասին
![Չավուշօղլուն խոսել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արարատ Միրզոյանին և Ռուբեն Ռուբինյանին հրավիրելու մասին](https://freenews.am/uploads/images/image_750x_61f2a12a13e89.jpg)
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին՝ ընդգծելով, որ ֆորումին մասնակցելու հրավեր են ստացել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարին և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին:
«Օրերս վարչապետ Փաշինյանն ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ իրենը»,- ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել են մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը ստացել և շարունակում է ստանալ այս տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության հրավերներ։ «ՀՀ ԱԳ նախարարությունը համապատասխան ընթացակարգով քննարկում է նախարարի՝ վերոնշյալ միջոցառումներին մասնակցության նպատակահարմարությունը»,- ասված էր ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։
Կարծիքներ