Երևանում վիճաբանությունից հետո 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում վիճաբանությունից հետո 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այդ պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գալստյանն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ իրենց շենքում վայր է ընկել։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը, ժամը 03։00-ից 03։30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի պողոտայի 57 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Գ․ Գալստյանի և Երևանի բնակիչ 31-ամյա Հարություն Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջինս դեռևս չպարզված հրազենից կրակել է Գ․ Գալստյանի ուղղությանբ, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածք է ստացել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Հ․ Գրիգորյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում