«Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագրում ընդգրկվել է 6 լաբորատորիա. ԱՆ
Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քացաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը՝ հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Ժամը 17:00-ի դրությամբ արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 6 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիաներն ու «ԲԻՈՄԵԴ», «ՊՐՈՄ-ՏԵՍՏ», «ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման լաբորատորիաները։ Աշխատանքներ են իրականացվում լաբորատորիաների ցանկն արագ ընդլայնելու ուղղությամբ: Հարթակում ընդգրկվելու համար ևս 3 լաբորատորիա անցել է գնահատման փուլը` «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ սահմանելու և «ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» 2020թ. դեկտեմբերի 28-ի կառավարության թիվ 2194-ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն:
Հավելվածին միացող նոր լաբորատորիաների ցանկը կթարմացվի, և տեղեկատվությունը հասանելի կլինի «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրի հավելվածից և առողջապահության նախարարության կայքից:
Ինչ վերաբերում է առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում առաջացած խնդրին, ապա տեղեկացնում ենք, որ մի խումբ քաղաքացիներ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստ են հանձնել այնպիսի լաբորատորիաներում, որոնք այդ պահի դրությամբ ընդգրծված չեն եղել հավելվածում, ուստի թեստի պատասխանները վավեր չեն համարվել: Մինչդեռ, դեռևս հունվարի 27-ին առողջապահության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն, որտեղ նշված են վճարովի ծառայություն մատուցող լաբորատորիաների անունները և ծրագրից օգտվելու կարգը (https://www.moh.am/#1/3519):
Հաշվի առնելով, որ ծրագիրը նոր է, կրկին հիշեցնում ենք մեր համաքաղաքացիներին.
• ըստ այս կարգի` Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային հավելվածը:
• Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:
• Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ):
• Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։
• Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:
• Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։
• Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։
Կարծիքներ