Հայկ Չոբանյանը բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի երկրի և տնտեսության զարգացման համար:
«Ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա՝ թվային տնտեսությունից մինչև գիտահետազոտական գործունեություն: Ինչպես հայտնի է, դեռևս Խորհրդային Միության կազմում Հայաստանը կարևոր տեղ է գրավել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում, և Խորհրդային Միությունից ժառանգած կարողությունները ներկայումս լավ հիմք են ստեղծել ՀՀ-ում ինժեներական ոլորտի զարգացման և արդյունաբերական ոլորտն ակտիվացնելու համար»,- ասել է Հայկ Չոբանյանը:
Նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել տեխնոլոգիական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնել ոլորտային փոխգործակցության շրջանակը:
Դեսպանը շնորհավորել է Չոբանյանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել գերատեսչության առջև դրված խնդիրների իրականացման գործում։
Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը և տեղեկացրել, որ ռուսական կողմը ևս շահագրգիռ է ընդլայնելու գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները, մասնավորապես՝ ռադիոէլեկտրոնիկայի, իրերի ինտերնետի, հաշվողական տեխնիկայի, անօդաչուների, բժշկական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման և շատ այլ հարցերի շուրջ, համագործակցությունն արդեն բավական լուրջ հիմքերի վրա է:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի ամռանը նախարարի պաշտոնակատարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցին։
Կարծիքներ