Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատել Սելահաթին Դեմիրթաշին
Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով Թուրքիայի իշխանություններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել քրդամետ քաղաքական գործիչ Սելահաթին Դեմիրթաշին:
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր եւ նախագահի նախկին թեկնածու Սելահաթին Դեմիրթաշին, ով ավելի քան չորս տարի անազատության մեջ է գտնվում՝ չհիմնավորված մեղադրանքներով, չնայած նրա ազատման օգտին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երկու որոշումների:
Նրանք նաեւ պահանջում են, որ հանվեն նրա եւ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության մյուս անդամների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքները:
Բանաձեւում նշվում է, որ Թուրքիայի շարունակական նահանջը դատական համակարգի անկախությունից եւ Թուրքիայի դատական մարմինների եւ իշխանությունների կողմից ՄԻԵԴ-ի վճիռները անտեսելը մտահոգություն են առաջացնում:
Բանաձեւը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել մարդու իրավունքների պաշտպանների, ակադեմիկոսների, լրագրողների, հոգեւոր առաջնորդների, փաստաբանների եւ ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ քրեական հետապնդումները:
Եվրախորհրդարանականները շեշտում են, որ ՄԻԵԴ վճիռների պահպանումը եւ կատարումը որոշ չափով կհաստատեն նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անկեղծորեն արտահայտված ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նոր էջ բացելու ցանկությունը: Ըստ նրանց, ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը, այլ բաների թվում, լիովին կախված է Թուրքիայում ժողովրդավարական սկզբունքների, օրենքի գերակայության եւ հիմնարար իրավունքների շոշափելի բարելավումից:
Կարծիքներ