Ղրղզստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սադիր Ժապարովը վայր է դրել լիազորությունները
Ղրղզստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սադիր Ժապարովը վայր է դրել լիազորությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով վերջինիս մամլո ծառայությանը:
«Որոշել եմ վայր դնել երկրի նախագահի լիազորությունները, ինչպես նաև հրաժարական տալ Ղրղզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից, և որպես շարքային քաղաքացի կմասնակցեմ առաջիկա նախագահական ընտրություններին»,- ասվում է նրա մամլո հաղորդագրության մեջ:
Օրենքի համաձայն՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա խորհրդարանի խոսնակ Տալանտ Մամիտովը: Կառավարության ղեկավարի պարտականությունները կստանձնի առաջին փոխվարչապետ Արտյոմ Նիվիկովը:
Երկրի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունվարի տասին:
Ղրղզստանում հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո զանգվածային ցույցեր էին սկսվել: Ընդդիմադիր կուսակցությունները համաձայն չէին արդյունքների հետ: Արդյունքում երկրի ԿԸՀ-ն չեղարկեց ընտրությունների արդյունքները, սակայն բողոքի ցույցերը չեին դադարել:
Նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի՝ հոկտեմբերի 15-ի հրաժարականից հետո իրավիճակը երկրում կարգավորվել էր: Նախագահի լիազորություններն էլ ստանձնել էր Ժապարովը:
Կարծիքներ