Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է փոխանցել բլոգեր Միկա Բադալյանի և լրագրող Ժիրայր Ոսկանյանի միջև տեղի ունեցած միջադեպից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Բացի այդ, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվում է ծառայողական քննություն, քանի որ որոշ շրջանակներ և ԶԼՄ-ներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել «անպատժելիության մթնոլորտի» վերաբերյալ։

«Մայիսի 5-ին՝ ժամը 23.26-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Երևանի 35-ամյա մի բնակիչ և հայտնել, որ ժամը 23-ի սահմաններում Թումանյան փողոցի ակումբում անհայտ անձիք մոտեցել են իրեն և անհարգալից վերաբերմունք ցույց տվել:

 

Նաև հայտնել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Ահազանգով դեպքի վայր են մեկնել պարեկային ծառայողներ և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

35-ամյա երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ մի տղամարդ և նրա սեղանակիցները վիճաբանել են իր հետ, որի ընթացքում վերոհիշյալ տղամարդը անհարգալից վերաբերմունք է ցույց տվել, վերցրել է իր բջջային հեռախոսը, քաշքշել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ որոշ ժամանակ անց վերադարձրել է հեռախոսը:

35-ամյա երիտասարդը հրաժարվել է հաղորդում տալ: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվում է ծառայողական քննություն: Նշված դեպքի հետ կապված՝ որոշ շրջանակներ և ԶԼՄ-ներ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հրապարակել «անպատժելիության մթնոլորտի» վերաբերյալ։ Հարկ է նշել, որ ոստիկանության ծառայողները արագ հասել են դեպքի վայր, կասեցրել են հետագա զարգացումները, ինչպես նաև, թեև 35-ամյա տղամարդը հրաժարվել է մոտենալ ոստիկանության բաժին և հաղորդում տալ, այնուհանդերձ, ոստիկանությունն իր իրավասության շրջանակներում ձեռնարկել է միջոցառումներ և կազմված փաստաթղթերն ուղարկել Քննչական կոմիտե»,- փոխանել են ՆԳՆ-ից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում