2025-ին մեծ ձեռքբերումներ արձանագրեցինք Իրան-Հայաստան հարաբերություններում. դեսպանի ուղերձը

2025-ին մեծ ձեռքբերումներ արձանագրեցինք Իրան-Հայաստան հարաբերություններում. դեսպանի ուղերձը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և կառավարությանը՝ մաղթելով խաղաղություն, բարգավաճում և նոր ձեռքբերումներ։

«Շնորհավորում եմ բարեկամական և եղբայրական Հայաստանի ժողովրդին և կառավարությանը Նոր տարվա գալուստի կապակցությամբ։ Հուսով եմ, որ 2026 թվականը Հայաստանի համար կլինի բարգավաճման, խաղաղության և մեծ նվաճումների տարի»,- նշել է դեսպանը։

Նա տեղեկացրել է, որ 2025 թվականի վերջին օրերին ժամանել է Երևան՝ որպես Իրանի դեսպան՝ ընդգծելով երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության և գործընկերության խորացման իր պատրաստակամությունը։

«2025 թվականին մեծ ձեռքբերումներ արձանագրեցինք Իրան-Հայաստան հարաբերություններում։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Փեզեշքիանի պատմական այցը Երևան և ձեռք բերված պայմանավորվածությունները այդ ձեռքբերումների գագաթնակետն էին»,- նշել է նա։

Դեսպանի խոսքով՝ 2026 թվականին կողմերը կշարունակեն շարժվել դեպի Իրանի և Հայաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության իրականացում՝ ընդլայնելով ժողովուրդների միջև փոխգործակցությունն ու ձևավորելով նոր նախաձեռնություններ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է բարգավաճ, զարգացած, հզոր Հայաստանին, որը խաղաղության և բարեկամության մեջ է իր բոլոր հարևանների հետ և պատրաստ է իր դերակատարությունն ունենալ այս շրջանակներում»,- հայտարարել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով իրեն ցուցաբերված ջերմ ընդունելության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում