ԵՄ-ից ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ է արձանագրվել

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել 2021 թ. հոկտեմբերի 29-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագծին:
Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը: Մինչ այս համաձայնագրի կնքումը Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ:
Այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ.-ին ստացվել է 1446 ռեադմիսիոն հայց՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թ.-ին ստացվել է 1030 հայց՝ 2045 անձանց մասին, 2019 թ.-ին 870 ռեադմիսիոն հայց՝ 1656 անձանց մասին, իսկ 2020 թ.-ին 691 ռեադմիսիոն հայց՝ 1231 անձանց մասին, իսկ 2021 թ.-ին 760 ռեադմիսիոն հայց՝ 1328 անձանց մասին։
Կարծիքներ