Ֆրանսիայում սկսել են Փարիզի Աստվածամոր տաճարի սրածայր աշտարակի վերականգնումը
Առաջին փուլը, որը խորհրդանշում է Փարիզի Աստվածամոր տաճարի սրածայր աշտարակի վերականգնման սկիզբը, սկսվել է Ֆրանսիայում. երկրի արեւմուտքում սկսել են կտրել ութ կաղնի, որոնց փայտն օգտագործվելու է ավելի քան երկու տարի առաջ հրդեհից տուժած հռչակավոր տաճարի վերականգնման համար, տեղեկացնում է տաճարի վերականգնման պետական հաստատությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Փարիզի Աստվածամոր տաճարի սրածայր աշտարակի վերականգնման առաջին փուլը սկսված է. այսօր կտրվելու է ութ մեծ կաղնի, որոնք օգտագործվելու են սրածայր աշտարակի հենաթոռակի համար»,- ասվում է հաղորդագրությունում։
«Ութ շատ մեծ չափերի կաղնիների սղոցումը, որն սկսվում է այսօր Մայենում (երկրի արեւմուտքում – խմբ.), նշանավորում է սրածայր աշտարակի վերականգնման առաջին փուլը եւ այնուհետեւ՝ տաճարի վերածնունդը։ Այդ ութ կաղնիները օգտագործվելու են սրածայր աշտարակի վերականգնման համար եւ ձեւավորելու են հեծաններ, որոնց վրա այն կհենվի»,- ասել է վերականգնման գործընթացը ղեկավարող գեներալ Ժան Լուի Ժորժելենը։
Նա նշել է, որ եկող գարնանը այդ կաղնիները կհանձնվեն ատաղձագործներին, որոնք կկատարեն դրանց հավաքումը, իսկ 2023թ.՝ տաճարի մոնտաժը։
Պատմության մեջ ամենախոշոր հրդեհը Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի է ունեցել 2019թ. ապրիլի 15-ին։ Սրածայր աշտարակը տապալվել է, հրդեհը ոչնչացրել էր կրող կառուցվածքը։ Հրդեհի ճարակ էր դարձել փայտե տանիքը՝ ութհարյուրամյա կաղնե հեծաններից, որոնցից յուրաքանչյուրը պատրաստվել էր ծառի մեկ բնից։
Կարծիքներ