Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ավարտից հետո առաջին մարդասիրական օգնությունը հասել է Գազայի հատված

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ավարտից հետո առաջին մարդասիրական օգնությունը հասել է Գազայի հատված

Իսրայելի և Պաղեստինի միջև հրադադարի հաստատումից ժամեր անց մարդասիրական օգնության առաջին շարասյունն է ժամանել Գազայի հատված:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, հազարավոր պաղեստինցիներ, որոնք տարհանվել էին, վերադարձել են իրենց տներ, սակայն ականատեսն են դարձել ավերածության տեսարանների: Պաշտոնյաների խոսքով՝ վերակառուցումը կարող է տարիներ տևել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել միջանցքներ ստեղծել վիրավոր մարդկանց տարհանման համար:

Իսրայելա-պաղեստինյան 11-օրյա հակամարտության հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, նրանց մեծամասնությունը՝ Գազայի հատվածում: Ե՛վ ՀԱՄԱՍ-ը, և՛ Իսրայել հայտարարում են հաղթանակ տանելու մասին: Իսրայելում բնակիչների մեծամասնությունը տոնել է հրադադարի կնքումը, սակայն շատերը մտահոգություն են հայտնել, որ մյուս հակամարտության բռնկումը տարածաշրջանում ժամանակի հարց է:  

Գազայում, որտեղ վերահսկողություն է իրականացնում ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը, ավելի քան 100 000 մարդ էր տարհանվել իրենց տներից:

Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև հրադադարը ուժի մեջ է մտել երեկ գիշերվանից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում