Ենթակայանում տեղի ունեցած վթարի հիմնական պատճառը էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է. Ռոմանոս Պետրոսյան
Վերջին տարիներին մեր երկրում ինտենսիվորեն աճել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, իսկ տարվա կտրվածքով՝ սպառման առավելագույն ծավալը (էլեկտրական բեռը) որպես կանոն, արձանագրվում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան։ Այդ մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:
«2022թ. Ամանորին բեռը կազմել է՝ 1.243 ՄՎտ,
2023թ. Ամանորին կազմել է՝ 1.264 ՄՎտ,
2024թ. Ամանորին կազմել է՝ 1.286 ՄՎտ։
Իսկ արդեն այս տարի, մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին՝ սպառման պիկ ժամին, ՀՀ-ում էլեկտրական բեռը կազմել է 1.489 ՄՎտ։
Այսօր՝ ժամը 15:00-ին, էլեկտրական բեռը ՀՀ-ում կազմել է 1.547 ՄՎտ, ինչն անցյալ տարվա Ամանորի համեմատ ավելին է շուրջ 20%-ով, այն դեպքում, երբ բաշխման ցանցն ու ենթակառուցվածները նույնն են՝ բավականին վատթար և մեծամասամբ, հնամաշ վիճակում։
Սիրելի՛ քաղաքացիներ,
Հորդորում ենք այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ էլեկտրաէներգիայի սպառման սարքերի հավելյալ կիրառումից՝ դրանով լրացուցիչ չծանրաբեռնելով թե՛ ձեր բնակարանների սպառման սխեման, և թե՛ խնայելով ձեր ընտանեկան բյուջեն։
Հ.Գ. ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում օրերս տեղի ունեցած վթարի հիմնական պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է՝ մինչ այս այդ տարածքում արձանագրված միջին ցուցանիշների համեմատ։
Այս պահին Երևանի «Էրեբունի» վարչական շրջանի մի քանի հասցեներում ունենք կանխարգելիչ անջատումներ, որպեսզի բաշխիչ ցանցում հավելյալ բեռի վերաբաշխում իրականացվի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։


Կարծիքներ