Նպատակահարմար է Հայաստանում Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ․ ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսը (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դեսպան Յորգալիսի դիվանագիտական փորձառությունը նպաստելու է հայ-կիպրոսյան հարաբերությունների առավել սերտացմանն ու բազմաշերտ փոխգործակցության զարգացմանը:
Նախագահը մասնավորապես նշել է. «Մենք իրականում իրար հետ շատ անելիքներ ունենք, որովհետև միայն միասնական պայքարի միջոցով մենք կարող ենք հաղթահարել ադրբեջանա-թուրքական ծրագրերը, և ամենակարևորը՝ մենք տարաձայնություններ չունենք որպես երկու երկրներ, ընդհակառակը, կարծում եմ՝ մենք պետք է ավելի զարգացնենք մեր հարաբերությունները և ինտեգրվենք իրար հետ»:
Անդրադառնալով հնարավոր համագործակցության ուղղություններին՝ Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է Կիպրոսի հետ բազմաշերտ փոխգործակցության, և այդ կապակցությամբ նպատակահարմար է Հայաստանում Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ:
Զրույցի ընթացքում երկուստեք անդրադարձ է եղել Երևանում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով հանդիպման հնարավորությանն ու նման հանդիպումների կարևոր նշանակությանը:
Կարծիքներ