Սուրեն Պետրոսյանի ասուլիսը չեղարկվել է, սակայն նա պատրաստ է խոսել

Սուրեն Պետրոսյանի ասուլիսը չեղարկվել է, սակայն նա պատրաստ է խոսել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանըհայտնել է նախապես ծրագրած ասուլիսի չեղարկման մասին:

«Այսօրվա ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ` վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին` այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ»,-ասվում է Պետրոսյանի տարածած հայտարարության մեջ:

Վերջինս հավելել է, որ մնում է  հավատարիմ այն սկզբունքների, որոնցով մեկնարկել է Կիրանցում և Ոսկեպարում:

«Ես իմ ուղուց չեմ շեղվելու»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Պետրոսյանը հունիսի 20-ին ասել էր, որ պատրաստվում է ասուլիս հրավիրել, իսկ մինչ այդ՝ նշել էր.

«Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում, այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում