Կանխելու ենք ժողովրդավարության նկատմամբ ցանկացած հարձակում. Արթուր Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ ընդդիմության վերջին օրերի գործողություններին ու շեշտեց, որ իշխանությունը վստահ պաշտպանելու է 2018 թվականին և դրանից հետո մեր ունեցած բոլոր ձեռքբերումները:
«Այս օրերին ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ կոնկրետ խմբերի կողմից փորձ է արվում օգտագործել ժողովրդավարության ընձեռած ազատությունները որպես սանձարձակություններ և անկարգություններ իրականացնելու միջոց և միջոց՝ վերազավթելու Հայաստանում ժողովրդի իշխանությունը:
Ընդդիմությունը կրկին փչում է կեղծ իրականության պղպջակը, որի մեջ բարձր ձայնով ու դեմքի վստահությամբ իրենք իրենց խաբել են, թե կարող են ժողովրդին տասնամյակներ կեղեքելուց հետո ստանալ այդ նույն ժողովրդի աջակցությունը: Սա այն նույն պղպջակի նման պղպջակ է, որը մեկ անգամ արդեն պայթեց նոյեմբերի 9-ին հաջորդող ամիսներին, վերջնականապես արդեն՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին, երբ ժողովուրդը շատ դիպուկ օգտագործեց իր վերջին փամփուշտը և կատարեց իր ընտրությունը:
Այդ պղպջակի միջի մարդիկ հիմա համարձակվում են մտածել, որ կարող են սպառնալով, վիրավորելով, կասկածի տակ դնելով ժողովրդի իշխանությունը, վախեցնելով մարդկանց՝ Հայաստանում ինչ-ինչ հաջողությունների հասնեն, ստանան մարդկանց աջակցությունը կամ փրկվեն:
Մենք վստահ ենք ու վստահ պաշտպանելու ենք 2018 թվականին և դրանից հետո մեր ունեցած բոլոր ձեռքբերումները և կանխելու ենք ժողովրդավարության նկատմամբ ցանկացած հարձակում ամենախիստ ձևով, օրենքի դիկտատուրայի տրամաբանության ներքո»,- ասաց Հովհաննիսյանը:
Կարծիքներ