Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) չեն կարողացել օլիմպիական ուղեգիր նվաճել Ստամբուլում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում:
Հայաստանի ներկայացուցիչներին պայքարից դուրս թողած ըմբիշներին չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ: Այսպիսով, հայ ըմբիշների համար պայքարն ավարտված է:
Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Սա ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։ 93 երկրի ներկայացուցիչներ պայքարում են 54 օլիմպիական ուղեգրի համար:
Մայիսի 11-12-ին մրցագորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականներից՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Կարծիքներ