Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել : Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գոհունակությամբ արձանագրվում է, որ իրադրությունը մնում է հանգիստ, շարունակվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման պլանային աշխատանքը:

Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով:

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները նաև կարծիքներ են փոխանակել կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի թեմայի շուրջ:

Հատուկ ուշադրություն է դարձվել ներուկրաինական հակամարտությանը: Մտահոգություն է հայտնվել Ուկրաինայի հարավ-արևելքում լարվածության սրման կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողություններին, որը նպատակաուղղված սրում է իրավիճակը շփման գծում, անտեսում Մինսկի համաձայնությունների դրույթները:

Ընդգծվել է Կիևի իշխանությունների կողմից նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կատարման անհրաժեշտությունը, առաջին հերթին՝ Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղիղ երկխոսության հաստատման և Դոնբասի հատուկ կարգավիճակի իրավական ձևակերպման առումով: Իր հերթին Էմանուել Մակրոնը, ըստ էության, տեղեկացրել է վերջերս Փարիզում Ուկրաինայի նախագահի հետ կայացած բանակցությունների մասին:

Հաստատվել է «նորմանդական» ձևաչափով Ռուսաստանի և Ֆրանսիայի սերտ փոխգործակցության շարունակման տրամադրվածությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում