Նախարարությունը պատվաստումների հետ կապված սուտ հրապարակումների դեպքում կդիմի իրավապահներին
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետ կապված սխալ, սուտ հրապարակումներ հանդիպելու դեպքում հայտնել Ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը: Նախարար Անահիտ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին:
Ավանեսյանը ցավով նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պատվաստանյութերը դառնում են քաղաքական շահարկումների առարկա:
«Մենք միշտ բաց ենք ռացիոնալ քննադատության առջև և համակ ուշադրությամբ հետևում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մեր հասցեին հնչած բոլոր քննադատություններին և պատվաստանյութերի հետ կապված աշխատանքներին: Բայց չեմ կարող չառանձնացնել, որ որոշ դեպքերում զուտ շահարկումների առիթ է հանդիսանում այս թեման, և որոշ ուժեր, որոշ մարդիկ փորձում են խաղալ մարդկանց մոտ վտանգի զգացում առաջացնելու վրա և աղճատել ինֆորմացիան, սուտ լուրեր տարածել և փորձում են այս հանրային առողջապահական լուրջ մարտահրավերը օգտագործել նեղ անձնական քաղաքական շահերից ելնելով»,-ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ նախորդ օրը մի քանի սուտ տեղեկություններ են հնչել՝ կապված պատվաստման գործընթացի հետ: Նախարարը նշեց, որ անընդհատ հանրային հերքումներ են իրականացնում: «Բայց մինչև որ ճշմարտությունը հագնվում է, սուտն արդեն տարածվում է ողջ աշխարհով:Մենք շատ խիստ ենք մոտենալու, և բոլոր տեղեկությունները, որոնք մեզ հայտնի են դառնում հրապարակումներից, հայտնելու ենք և Ոստիկանություն, և Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև համարում ենք, որ սա ազգային անվտանգության հարց է»,-ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ մարդկանց մոտ վտանգի, սուտ տեղեկատվության տարածքումը խաթարում է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները:
ՀՀ առողջապահության նախարարությունը ապրիլի 14-ին հերքել էր տարածված լուրը, թե Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել: «AstraZeneca»-պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ին։
Կարծիքներ