Ներկայացվել են 2021թ. իրավապահ համակարգի, արդարադատության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Ներկայացվել են 2021թ. իրավապահ համակարգի, արդարադատության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Մարտի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացած ՀՀ ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրավապահ համակարգի, արդարադատության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում կատարված աշխատանքները, նշել է, որ 2021թ. կարեւոր ուղղություն է եղել Սահմանադրական բարեփոխումների մեկնարկը, որի համար կատարվել են որոշակի աշխատանքներ:

Նախորդ տարում շարունակվել է հակակոռուպցիոն եւ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգերի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը: Նախարարի խոսքով` հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ամբողջականացման նպատակով ստեղծվել է հակակոռուպցիոն կոմիտեն, մեկնարկել է հակակոռուպցիոն դատարանի դատավորների նշանակման գործընթացը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ավելացել է հայտատուների ներկայացրած հայտարարագրերի քանակը: Հաշվետու ժամանակահատվածում այդ ուղղությամբ կատարվել են մեծածավալ աշխատանքներ:

Դատական համակարգում ավելացել է դատավորների թվակազմը, որոշ դատարաններում ավելացել են նաեւ աշխատավարձերն ու սոցիալական երաշխիքները:

2021թ. Կառավարության համար կարեւորագույն բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայության հիմնադրումն է եղել: Հաջողությամբ գործարկվել է Երեւան քաղաքի գունդը:

2021թ. արդյունքներով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն առաջին անգամ ավելի քան 650 մլն դրամով գերազանցել են ծառայության պահպանության համար պետական բյուջեով նախատեսված ծախսերը:

Քրեակատարողական ծառայությունում փակվել են երկու քրեակատարողական հիմնարկ` որպես օպտիմալիզիացիայի կարեւոր քայլ: Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ մեծ աշխատանքեր են տարվում նոր քրեակատարողական հաստատության շինարարության համար, ինչից հետո կփակվի Երեւանի քաղաքի թվով չորս քրեակատարողական հիմնարկ:

Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում