Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիան արմատապես կփոխի իր հանդեպ ագրեսիվ քաղաքականությունը
Հայաստանը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար ակնկալում է, որ Թուրքիան կվերանայի իր նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը և թշնամական գործողությունները: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Արման Աբովյանի հարցին:
Աբովյանը նշեց, թե իշխանության տարբեր պաշտոնյաներ ակնարկներ են անում տարածաշրջանում նոր իրավիճակի համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման մասին: Նա հետաքրքրվեց, թե այս պահին ինչ-որ կոնսուլտացիաներ գնու՞մ են Թուրքիայի հետ:
Նախարարը հիշեցրեց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի և արտգործնախարարի կողմից: Հայաստանի անկախացման օրվանից մինչև վերջերս Հայաստանը տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Վերջինը Ցյուրիխյան գործընթացն էր, որն ի չիք եղավ Թուրքիայի կողմից: Այվազյանը կարևորեց փոխադարձության սկզբունքը: «Եվ իսկապես ազնիվ և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց պաշտոնական Անկարայի կողմից, ավելին՝ անցյալ դարի հայատյացությունը, որի գագաթնակետն էր Հայոց ցեղասպանությունը, կարծես թե, ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է մեր տարածաշրջան»,-ասաց նախարարը:
Այվազյանը շեշտեց, որ բնականաբար բոլորը շատ լավ գիտակցում են, թե ինչ հնարավորություններ և հեռանկարներ կարող են ստեղծել խաղաղությունը և ի վերջո հաշտեցումը, բայց դրանք լոկ գեղեցիկ բառեր չեն: «Եվ որպեսզի իրապես լինի խաղաղություն մեր տարածաշրջանում, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ, արմատական փոփոխությունների կենթարկի Հայաստանի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները»,-ասաց նա:
Իսկ պատգամավորի հարցին, թե որևէ կերպ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացներ գնո՞ւմ են՝ Այվազյանը պատասխանեց, որ ԱԳ նախարարությունը տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ կամ բանակցություններ պաշտոնական Անկարայի հետ:
Կարծիքներ