Բայդենը Աֆղանստանից դուրս չի բերի ԱՄՆ-ի ամբողջ զորքը. Stars and Stripes

Բայդենը Աֆղանստանից դուրս չի բերի ԱՄՆ-ի ամբողջ զորքը. Stars and Stripes

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը կարող է փոքր ռազմական կոնտինգենտ պահպանել Աֆղանստանում,  Stars and Stripes օրաթերթում գրում է պարբերականի թղթակից Ջեյ Լոուրենսը։

Հոդվածագիրը նշում է, որ Բայդենի վարչակազմը կպահպանի ԱՄՆ-ի և «Թալիբանի» միջև փետրվարին կնքված համաձայնագրի կետերի մեծամասնությունը։ Ինչպես և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Բայդենը դեմ է արտահայտվել «հավերժ պատերազմներին», այդ թվում՝ Աֆղանստանում պատերազմին։ Սակայն եթե Թրամփը ցանկանում էր, որ բոլոր ամերիկացի զինվորականները վերադառնան տուն, Բայդենը կարծում է, որ պետք է Աֆղանստանում պահպանել «ոչ մեծ հակաահաբեկչական ստորաբաժանում»:

«Ես աջակցում եմ զորքերի դուրսբերմանը։ Բայց խնդիրն այն է, որ մենք չպետք է մոռանանք ահաբեկչության և «Իսլամական պետության» մասին»,-ասել է Բայդենը։

Նշվում է, որ այս շաբաթ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին Twitter-ի իր շնորհավորանքներում նշել էր, որ կցանկանար շարունակել և խորացնել «Միացյալ Նահանգների հետ բազմակողմ ռազմավարական գործընկերությունը, այդ թվում ՝ ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանում խաղաղության հաստատման հարցում»։

Մյուս կողմից, «Թալիբան» շարժումն արդեն զգուշացրել է Բայդենին, որ նա պետք է հավատարիմ մնա իր նախորդի կողմից կնքված համաձայնագրին և ամերիկյան զորքերն ամբողջովին դուրս բերի 2021 թվականի մայիսին:

«Ընդ որում, աֆղան օրենսդիրներն արդեն կոչ են անում վերանայել Թրամփի վարչակազմի և թալիբների միջև կնքված համաձայնագիրը, ներառյալ այն կետը, որը պահանջում է կոալիցիայի զորքերի լիակատար դուրսբերում: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն պետք է «վերսկսի պատերազմը»»,- նշել է արտասահմանյան զարգացման բրիտանական ինստիտուտի հետազոտող Էշլի Ջեքսոնը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում