Ում է ակնարկում Ղազախստանի նախագահը

Ում է ակնարկում Ղազախստանի նախագահը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանում հայտարարել է, որ Ղազախստանի դեմ ահաբեկչական պատերազմ է սանձազերծվել։

«Մեր երկրի դեմ ահաբեկչական պատերազմ սանձազերծվեց: Հակառակորդը դրսևորել է ծայրահեղ դաժանություն և պատրաստակամություն ցանկացած քայլի դիմելու: Նա վախ է սերմանել բնակչության մեջ, որպեսզի ճնշի նույնիսկ դիմադրության գաղափարը: Ղազախստանի վրա հարձակման ծրագիրը ներառում էր մի շարք տարբեր ասպեկտներ՝ ռազմական, քաղաքական, գաղափարական, ապատեղեկատվական և այլ այլն», իր ուղերձում ասել է Տոկաևը։

Տոկաևը հայտարարել է նաև, որ երկրում հեղաշրջման փորձը ձախողվել է։ «Հեղաշրջման փորձը, երկրի ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը ձախողվեց: Միասին, որպես միասնական ազգ, մենք պաշտպանեցինք Ալմա-Աթան և այլ շրջանային կենտրոններ։ Ամենակարճ ժամկետներում դրանք կվերականգնվեն և կդառնան ավելին գեղեցիկ», ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը կրկին անուն չտվեց, թե ով է սանձազերծել ահաբեկչական պատերազմը եւ ով է երկրի ամբողջականության նկատմամբ ոտնձգության հեղինակը։ Այսինքն, ո՞վ է ուզում Ղազախստանից տարածք խլել։

Հայտնի է, որ Կենտրոնասիական պետությունները, որոնք գտնվում են նույն բլոկներում, իրար հետ որոշակի տարածքային-սահմանային խնդիրներ ունեն, միեւնույն ժամանակ Ղազախստանի հանդեպ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանը, որի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Ղազախստանը կազմավորվել է ռուսական հողերի վրա։

Կամ նման բան չի եղել, կամ Տոկաեւը վախենում է անուն տալ։ Միեւնույն ժամանակ, եթե արտաքին ագրեսիա չի եղել, առաջանում է ՀԱՊԿ զորքերի ներգրավման, ինչպես նաեւ անձամբ Տոկաեւի իշխանության լեգիտիմության խնդիրը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում