Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին կտեղափոխվի և կվերականգնվի. կնքվել է հուշագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցու (17-րդ դար)՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք տեղափոխման, պահպանման և վերականգնման նպատակով:
Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Ալեքսանդր Բելաևը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ ի նպաստ մշակութային ժառանգության պաշտպանության:
«Մենք պատրաստակամ ենք համագործակցել և աջակցություն տրամադրել՝ ի շահ մեր հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը և հավելել,- կարևոր է, որ մասնավոր հատվածը ակտիվ լինի, և նման գործընթացները հնարավորինս շատ լինեն»։
Ալեքսանդր Բելաևը ևս շնորհակալություն է հայտնել վստահության և համագործակցության համար և հույս հայտնել, որ հանրօգուտ գործի սկիզբը անպայմանորեն հաջողելու է:
Հուշագրի համաձայն՝ ԿԳՄՍՆ-ն սահմանված կարգով նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում կքննարկի հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերը և կտրամադրի եզրակացություն, կհաստատի ներկայացված աշխատանքային նախագծերը, ինչպես նաև աշխատանքների կատարման ընթացքում կցուցաբերի մասնագիտական ու իրավական խորհրդատվություն և աջակցություն և այլն: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իր միջոցներով կիրականացնի հուշարձանի տեղափոխման և նոր վայրում վերականգնման աշխատանքները՝ դրանք նախապես համաձայնեցնելով ԿԳՄՍ նախարարության հետ:
Կարծիքներ