Վերջին երկու տարվա ընթացում Արցախում վերականգնողական մեծ աշխատանքներ են արվել. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ամփոփել է իր պաշտոնավարման ժամանակահատվածի ձեռքբերումներն ու խնդիրները:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նոյեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բեգլարյանն ասաց, որ պետք է հաշվի առնել, որ Արցախի Հանրապետության պետնախարարի պարտականությունները ստանձնել է 2021 թվականի հունիսի 1-ին՝ հետպատերազմական դժվարին շրջանում: «Առ այսօր դեռևս ճգնաժամային իրավիճակում ենք: Չէի ասի, որ պետական համակարգն այդ ճգնաժամին պատրաստ էր: Այս երկու տարվա ընթացում վերականգնողական մեծ աշխատանքներ են տարվել՝ ենթակառուցվածքային, սոցիալական ծրագրեր, որոնք Արցախի Հանրապետության բնակիչների կյանքը պահել են որոշակի կայուն պայմաններում: Իհարկե, այս ընթացքում բավականին և ծրագրային հաջողություններ ենք ունեցել, և բացթողումներ, բայց պետք է հաշվի առնել, որ ամբողջ պետական համակարգն աշխատել է:Կարող եմ նաև նշել, որ մենք ունենք հասարակության մեջ վստահության բավականին լուրջ խնդիր պետական մարմինների, պաշտոնյանների հանդեպ, որը, իհարկե, շատ ավելի սուր արտահայտված է պատերազմից հետո՝ պայմանավորված արտաքին գործոններով»,-նշեց Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում լուծվել են համակարգային խնդիրներ: «Ընթացքում սովորել եմ կառավարման մեթոդներ, հետո, փորձից ելնելով, բարելավել եմ իմ և գործընկերներիս աշխատանքի արդյունավետությունը: Խնդիրներին չեմ վերաբերել որպես կետային, անհատական խնդիրներ, այլ վեր եմ հանել դրանք, կարգերով, օրենքներով կարգավորում եմ տվել: Ստեղծել եմ նորմատիվ հիմքեր և համակարգը սկսել է արդյունավետ աշխատել»,-նշեց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ հաջողություններ են արձանագրվել մասնավորապես բնակարանային ապահովման, շինարարության, սոցիալական ոլորտներում ևս, որոնք դեռ ընթացքում են:
«Սոցիալական աշխատողի ինստիտուտն ենք ներդրել, որոշակի հաջողություններ ենք ունեցել վերապատրաստումների առումով, բայց այս տեսանկյունից ես համարում եմ,որ մեծ բացթողումներ ունենք, որովհետև պետական համակարգում կառավարման կարողությունների խնդիր կա: Ցավոք, մենք պատշաճ կրթական համակարգ չունենք: Հույս ունենք, որ առաջիկայում լուրջ հաջողություններ կունենանք: Շատ ավելի արմատական խնդիրներ կան կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից»,-մանրամասնել է Բեգլարյանը՝ բացթողում համարելով այն, որ կրթության ոլորտը դեռևս ռազմավարական զարգացման փուլ չի մտել:
Կարծիքներ