Կիպրոսը հայտարարել է, որ թուրքական նավը կրակ է բացել իրենց ոստիկանության մոտորանավակի ուղղությամբ
Թուրք-կիպրական առափնյա պահպանության նավը ուրբաթ գիշերը նախազգուշական կրակ է բացել Կիպրոսի Հանրապետության ծովային ոստիկանության մոտորանավակի ուղղությամբ՝ կղզու հյուսիս-արեւմտյան ափի մոտ: Այս մասին հայտնել Է Հունա-կիպրական ոստիկանությունը։
Նրա տեղեկատվության համաձայն՝ «տեղական ժամանակով ժամը 03:30-ի սահմաններում նավահանգստային եւ ծովային ոստիկանության մոտորանավակը՝ երեք հոգուց բաղկացած անձնակազմով, որոնք պարեկություն էին իրականացնում Թուրքիայից անօրինական միգրանտների ներթափանցումը կանխելու նպատակով», հայտնվել է «թուրքական առափնյա պահպանության» նավի կողքին: Միջադեպը տեղի է ունեցել Կատո Պիրգոս բնակավայրից 11 ծովային մղոն հեռավորության վրա, որը գտնվում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության հետ սահմանին:
Կիպրոսի Հանրապետությունը կղզու հյուսիսային մասը համարում է Թուրքիայի զորքերի կողմից գրավված եւ, ինչպես աշխարհի բոլոր մյուս երկրները, բացի Թուրքիայից, չի ճանաչում ինքնահռչակ ԹՐՔԿ-ի գոյությունը, ուստի չճանաչված պետության ցանկացած ուժային ստորաբաժանումներ անվանում է ոչ թե թուրք-կիպրական, այլ թուրքական:
«Պարեկային մոտորանավակը գտնվել է կղզու տարածքային ջրերում, երբ թուրքական առափնյա պահակախումբը սադրիչ կերպով հրամայել է լքել այդ շրջանը», - ընդգծել են ոստիկանությունում: Դրանից հետո հունա-կիպրական մոտորանավակն ուղեւորվել է Կատո-Պիրգոս, սակայն թուրքական առափնյա պահակախումբը, Կիպրոսի իրավապահների պնդմամբ, շարունակել է նրա հետապնդումը՝ մի քանի նախազգուշական կրակոց արձակելով:
Կարծիքներ