Ձեռնարկվում են միջոցառումներ 11 և 19-ամյա քույրերի մահվան պատճառը պարզելու ուղղությամբ

Ձեռնարկվում են միջոցառումներ 11 և 19-ամյա քույրերի մահվան պատճառը պարզելու ուղղությամբ

«Աշտարակ» բժշկական կենտրոնից 2021թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 18։30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, պարզվել է, որ 11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ վերջինիս 19-ամյա քույրը ժամը 19։00-ի սահմաններում, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է դեպի տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ, իսկ ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել։ Դեպքի վայրի զննության մասնակից, գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում առկա է գազի արտահոսք։   

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում