ԱՄՆ-ն մեղադրել է Լուկաշենկոյին Ռուսաստանի գործողություններից ուշադրությունը շեղելու մեջ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ զրույցում ասել է, որ Բելառուսում միգրանտների հետ կապված ճգնաժամը «Լուկաշենկայի կողմից փորձ է՝ շեղելու ուշադրությունը Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի գործողություններից»:
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ Լուկաշենկոյի վարչակարգը ցինիկ կերպով շահագործում է խոցելի միգրանտներին։
«Լուկաշենկոյի վարչակարգի գործողությունները սպառնում են անվտանգությանը, պառակտում են սերմանում և նպատակ ունեն շեղել ուշադրությունն Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի գործողություններից։ Պետքարտուղար Բլինկենը և արտաքին գործերի նախարար Ռաուն խստորեն դատապարտել են խոցելի միգրանտներին գործիք դարձնելը և Լուկաշենկոյին կոչ են արել անդրադառնալ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների հիմնական պատճառներին, այն է՝ բելառուս ժողովրդին մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից զրկելուն», – նշված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում։
ԱՄՆ պետքարտուղարությունում շնորհակալություն են հայտնել Լեհաստանին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար, ինչպես նաև շեշտել են, որ ԱՄՆ-ն, Լեհաստանը և այլ դաշնակիցները միակարծիք են այն հարցում, որ հարկավոր է Մոսկվային ստիպել վճարել ռազմական ագրեսիայի և տարածաշրջանում վնասակար գործողությունների համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակի հետ բացարձակապես որևէ առնչություն չունի, սակայն պատրաստ է աջակցել դրա կարգավորմանը։
Կարծիքներ