Պարետատունը կանխատեսում է սեպտեմբերին կորոնավիրուսի օրական 100-ից պակաս դեպք
Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատան կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի տարածման առկա տեմպի պահպանման դեպքում վարակվածության օրական դեպքերը սեպտեմբեր ամսվա ընթացքում կլինեն 100-ից քիչ: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
«Վարակի տարածման ինտենսիվության տվյալ ցուցանիշի պահպանման դեպքում ենթադրվում է, որ սեպտեմբեր ամսվա առաջին-երկրորդ շաբաթվա ընթացքում օրական առավելագույն գրանցվող դեպքերը 100-ից պակաս պետք է լինեն: Եթե այս ինտենսիվությունը պահպանվի, մենք սեպտեմբեր ամսվա ընթացքում օրական միջինում ունենալու ենք 100-ից պակաս գրանցվող դեպք»,- ասաց Ավինյանը:
Հիշեցնենք, որ Խորհրդարանն օգոստոսի 12-ին հրավիրված հատուկ նիստում քննարկում է Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը:
Կարծիքներ