Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել  չօգտագործված հնարավորությունները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Միրզոյանը նախ ողջունեց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարարի պատվիրակությանը Հայաստանում՝ նշելով, որ շատ հաճախ շփվում են բազմակողմ հարթակներում, սակայն Ղազախստանի ԱԳ նախարարի այս այցը շատ լավ հնարավորություն է մանրամասն քննարկելու հայ-ղազախական երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադառնալու տարածաշրջանային և միջազգային հարցերին, ձևավորելու հետագա համագործակցության ուղենիշները։

Նախարարը հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 25-րդ տարեդարձը։

«Նշելով այս տարեդարձը՝ մենք միևնույն ժամանակ լավ հնարավորություն ունենք ամփոփել 25 տարվա գործընկերությունը և նոր էջ բացել մեր հարաբերություններում՝ ի շահ երկու երկրների բարօրության։

Անշուշտ, մենք ընդլայնում ենք մեր փոխգործակցության հիմքերը, մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը վկայում է անհրաժեշտ նախադրյալների մասին, մեր առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Այս ամենով հանդերձ՝ մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք։

Այս հանդիպման ընթացքում եկել ենք եզրահանգման, որ երկու կողմն էլ ունեն պատրաստակամություն զարգացնել այդ հարաբերությունները և իրացնել այդ չիրացված հնարավորությունները»,- եզրափակեց Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում