Եվրոպան մնում է աշխարհի միակ տարածաշրջանը, որտեղ COVID-19-ի դեպքերը շարունակում են աճել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին շաբաթվա ընթացքում աճել է 11 տոկոսով։ Սա աշխարհի միակ տարածաշրջանն է, որտեղ COVID-19-ը շարունակում է աճել հոկտեմբերի կեսերից, հայտնում է AP-ն։
ԱՀԿ-ն հայտնել է, որ վարակման եւ մահվան դեպքերն ամբողջ աշխարհում աճել են մոտ 6 տոկոսով, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է մոտ 3.6 միլիոն նոր վարակման եւ 51.00 նոր մահվան դեպք:
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն, դոկտոր Հանս Կլյուգեն նախազգուշացրել է, որ եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, մինչեւ գարուն մայրցամաքում կարող է եւս 700.000 մարդ մահանալ:
Նա նշել է, որ չնայած ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, որը ձգվում է մինչեւ Կենտրոնական Ասիա, պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ չափաբաժին է կիրառվել, պատվաստումների ընդգրկույթի շրջանակը տատանվում է 10 տոկոսից մինչեւ 80 տոկոս:
Ավստրիան, Նիդեռլանդները եւ Բելգիան անցած շաբաթ ավելի խիստ միջոցներ էին ձեռնարկել, այդ թվում` մասնակի արգելափակում՝ փորձելով կասեցնել կորոնավիրուսի վերջին բռնկումը:
ԱՀԿ-ն հայտնել է, որ COVID-19-ը Հարավարեւելյան Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում նվազել է համապատասխանաբար 11 եւ 9 տոկոսով։
Անցած շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ անկումը գրանցվել էր Աֆրիկայում, որտեղ մահվան դեպքերը կրճատվել էին 30 տոկոսով՝ շարունակելով COVID-19-ի դեպքերի նվազման միտումը։
Չնայած Ամերիկայում դեպքերը կայուն են մնացել, ԱՀԿ-ն հայտնել է, որ մահացությունն աճել է մոտ 19 տոկոսով։
Կարծիքներ