Քոչարյանը ևս փորձ է անում ձերբազատվել Բագրատ Գալստանյանից․ Չախոյան
Բագրատ Գալստանյանը երբևէ չի կարող ազատվել նախկին նախագահներից, որովհետև նույն նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ծնել, սնել, աճեցրել և մինչ օրս թե ֆինանսապես, թե մարդկային ռեսուրսով փորձում են աջակցել Գալստանյանին:
Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Շատ տխուր իրավիճակ կլիներ, երբ Գալստանյանն առանց նախկին նախագահների օժանդակությամբ փորձեր հանրահավաքներ կազմակերպել, որովհետև նույնիսկ էդ 1000, 2000 հոգանոց հանրահավաքներն իրեն չէր հաջողվի կազմակերպել: Մի հատ նայեք էդ մարդկանց շարքերը, ովքեր են հավաքված, հանրապետականներ, դաշնակցականներ, քոչարյանականներ»,- ասաց Չախոյանը:
Վեջինս անդրադարձավ նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործողություններին:
«Աջապահյանը վերջին շրջանում էդքան էլ միամիտ հայտարարություններ չի անում: Աջապահյանի միջոցով ուղղակի հայ առաքելական եկեղեցին, Մայր Աթոռը փորձում են ձերբազատվել Գալստանյանից, որովհետև նույն Աջապահյանը կարծեմ հայտարարել է, որ շարժում չկա, շարժումը մարած է, հաջողության չեն հասնելու, եկեղեցին էլ չի սատարում, այնինչ, երբ որ Գալստանյանը դուրս էր եկել փողոց քայլելով գալիս էր Երևան, կարծեմ Գյումրիում իր աջակիցների հետ Աջապահյանը քայլերթ էր անում, որ միանար Գալստանյանին:
Նույն Բագրատ Գալստանյանը բազմիցս հայտարարել է, որ առանց վեհափառի օրհնության ու աջակցության երբեք որևիցե քայլ չեն անի»,- ասաց Չախոյանը:
Օրհնել չի նշանակում աջակցել՝ Պետրոս Ղազարյանի դիտարկմանը՝ Չախոյանը նկատեց. «Կներեք, էլ աջակցությունը ոնց է լինում»:
Անդրադառնալով՝ նախագահների ստվերի վերաբերյալ Աջապահյանի աղմկահարույց հայտարարությանը հաջորդած Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, Չախոյանը նկատեց.
«Քոչարյանը ևս փորձ է անում ձերբազատվել Բագրատ Գալստանյանից»:
Հարցազրույցի ժամանակ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մասնավորապես ասել էր.
«Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար»:
Կարծիքներ