Քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները. հանդիպում ԱԺ-ում

Քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները. հանդիպում ԱԺ-ում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 7-ին ընդունել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի (PAYFA) ղեկավար Արամ Ղահրամանյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավոր Արեն Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և մասսայականացմանն ուղղված ծրագրերը: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ Սփյուռքի ներուժը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործվի՝ տեղական ֆուտբոլի հետագա կատարելագործման և Սփյուռքի մեր հայրենակիցներին այդ գործընթացին ներգրավելու նպատակով:

Արամ Ղահրամանյանն ու Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են այն ծրագրերը, որոնք Հայաստանը ֆուտբոլի միջոցով աշխարհին ավելի ճանաչելի կդարձնեն:

Նշենք, որ Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի հիմնական գործառույթը Սփյուռքի տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու ներգրավումն է հայկական ֆուտբոլում: PAYFA-ի առաջին հավաքը կայացել է Լոս Անջելեսում, ընդգրկված են եղել ԱՄՆ-ի և Կանադայի՝ 2009 թ. ծնված հայազգի երեխաները: Նրանցից 8 լավագույնները եկել են Երևան: Արամ Ղահրամանյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նաև Սփյուռքի այլ համայնքներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում