Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի ընթացքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախ Հանրապետության նախագահի աշխատակազմը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բնակչության վերադարձին զուգահեռ պետք է շարունակել բոլոր ջանքերի գործադրումը բնականոն կյանքի վերականգնման համար: Այդ համատեքստում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունների պատասխանատուները, «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրենը: Մասնավորապես նշվել է, որ առաջիկա մեկ շաբաթում հանրապետության ողջ տարածքում կվերականգնվեն էլեկտրամատակարարումը և կապը: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և կապի (բջջային և ինտերնետ) օգտագործումը սահմանափակ ծավալով կլինի անվճար:
Հունվարի 1-ից յուրաքանչյուր ընտանիք մեկ շնչի հաշվով (բացի աշխատանք ունեցողներից) կստանա նախապես հայտարարված ոչ թե 60, այլ 68 հազար ՀՀ դրամ պետական աջակցություն՝ վեց ամիս շարունակ: Սկսված է 68 հազար և, ՀՀ-ում սեփական գույք չունենալու պարագայում, հավելյալ ևս 15 հազար ՀՀ դրամի վճարման հայտերի ընդունումը. շուտով կսկսվի դրանց տրամադրման գործընթացը:
Առաջիկայում կմեկնարկի նաև անօթևան մնացած քաղաքացիներին մեկ շնչի հաշվով միանվագ գումարների տրամադրման հայտերի ընդունումը: Այն կիրականացվի երկու տարբեր սոցիալական ծրագրերով: Բոլոր այն ընտանիքները, որոնց բնակավայրերը հայտնվել են Ադրբեջանի օկուպացիայի տակ, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 300 հազար ՀՀ դրամ, իսկ այն ընտանիքները, որոնց բնակարանները թշնամու հրետակոծության հետևանքով հնարավոր չէ վերականգնել, մեկ շնչի հաշվով միանվագ կստանան 250 հազար ՀՀ դրամ պետական աջակցություն: Բացի այդ, անօթևան մնացած բոլոր ընտանիքները բնակվարձի կարիքները հոգալու համար մեկ շնչի հաշվով կստանան պետական դրամական աջակցություն՝ մինչև պետության կողմից նոր բնակարանների կառուցումը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է նեցուկ կանգնել իր յուրաքանչյուր քաղաքացուն՝ ստեղծված ծանր կացությունը հաղթահարելու համար: Քաղաքաշինության նախարարին նախագահի կողմից տրված հանձնարարականի համաձայն՝ այն ընտանիքները, որոնց բնակարանները տուժել են թշնամու հրթիռահրետակոծությունից, արագացված ընթացակարգով կստանան անհրաժեշտ շինանյութ: Ա. Հարությունյանը հանձնարարել է վերականգնման աշխատանքներում ներգրավել նաև ՀՀ-ում գործող բոլոր այն շինարարական կազմակերպությունները, որոնք պատրաստ են Արցախում աշխատելու:
Նախագահը մեկ անգամ ևս անդրադարձել է տարհանվող համայնքների, ինչպես նաև անօթևան մնացած և ՀՀ-ում ժամանակավոր ապաստան գտած բնակիչներին անհրաժեշտ աջակցության տրամադրման հարցերին և շեշտել, որ մինչև Արցախում համապատասխան բնակարանային պայմանների ստեղծումը նրանց կեցության հարցը պետք է լուծել ՀՀ-ում գտնվող հյուրանոցային և նմանօրինակ ծառայություններ մատուցող տնտնեսությունների միջոցով:
Անդրադառնալով ուսումնական պրոցեսի վերսկսմանը՝ նախագահը նշել է, որ թե՛ դպրոցները և թե՛ մանկապարտեզները պետք է հնարավորինս կարճ ժամկետներում վերաբացվեն: Ոլորտի պատասխանատուի տեղեկացմամբ՝ շրջաններում արդեն վերաբացվել են մի շարք համայնքների դպրոցներ։ Նոյեմբերի 30-ին կսկսեն գործել մայրաքաղաքի համար 2 և համար 8 դպրոցները, իսկ մյուսները՝ մինչև տարեվերջ:
Կարծիքներ