Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Վաշինգտոն՝ բանակցություններ վարելու ԱՄՆ նախագահի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու, որոնք կարող են նպաստել Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ձևավորմանն առաջիկա չորս տարիների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը։
Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայրում ունեցած կարճ խոսքում վարչապետն ընդգծել է երկու երկրների միջև առկա ընդհանրությունները:
«Մենք ցանկանում ենք աշխատել ձեզ հետ, ցանկանում ենք ողջունել ձեզ Բրիտանիայում։ Մենք ցանկանում ենք նոր գործընկերություն, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք աշխատում ենք միասին, մեծ ձեռքբերումներ ենք ունենում», - ասել է Սթարմերը:
Սպիտակ տանը հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Քիր Սթարմերը պնդել է, որ Միացյալ Թագավորությունն Ուկրաինայի հարցում ԱՄՆ նախագահի հետ աշխատում է «համաքայլ»:
Հարցին, թե արդյոք նա կարող է վստահել նախագահ Թրամփին՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել վերջին շաբաթների ընթացքում, վարչապետը պատասխանել է «այո»:
«Ես նրա հետ լավ հարաբերություններ ունեմ», - հավելել է նա:
Վաշինգտոն կատարելիք այցից առաջ վարչապետը խոստացել է մեծացնել Միացյալ Թագավորության պաշտպանական ծախսերը, ինչպես որ խնդրել էր նախագահ Թրամփը ՆԱՏՕ-ի բոլոր անդամներից, ինչպես նաև բրիտանացի զինվորականներ ուղարկել Ուկրաինա։ Այսպիսով, ըստ Sky News-ի, Սթարմերը փորձում է նվազեցնել լարվածությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև և ցույց տալ նախագահ Թրամփին, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է խաղալ իր դերը:
«Երբ խոսքը վերաբերում է պաշտպանությանը և անվտանգությանը, մենք տասնամյակներ շարունակ կամուրջ ենք եղել՝ ԱՄՆ-ի հետ ունեցած հատուկ հարաբերությունների և մեր եվրոպացի դաշնակիցների հանդեպ մեր հավատարմության պատճառով», - նշել է Սթարմերը:
«Ես բացարձակապես վճռական եմ եղել, որ չենք պատրաստվում ընտրություն կատարել Ատլանտյան օվկիանոսի մի կողմի և մյուսի միջև: Մենք աշխատելու ենք ԱՄՆ-ի և մեր եվրոպացի դաշնակիցների հետ, դա այն է, ինչ մենք արել ենք տասնամյակներ շարունակ, և դա այն է, ինչ կանենք, քանի դեռ ես վարչապետ եմ», - հավելել է նա:
The Associated Press-ի փոխանցմամբ՝ վարչապետ Սթարմերի հայտարարությունը բրիտանական պաշտպանական բյուջեի ավելացման մասին նպատակ ունի համոզելու Թրամփին աջակցել Ուկրաինային։
Ըստ հրապարակման՝ Սթարմերն ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ վստահ է, որ Թրամփը հավատարիմ է ՆԱՏՕ-ի դաշինքին և համաձայն է, որ «կա միայն մեկ ագրեսոր (Ուկրաինայում), և դա Ռուսաստանն է»:
Սթարմերի այցից առաջ՝ փետրվարի 24-ին, Սպիտակ տուն էր այցելել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Եվրոպական երկրները ձգտում են ամրապնդել իրենց հավաքական պաշտպանությունը, քանի որ Թրամփը փոխում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը:
Կարծիքներ