Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել․ ՍԴ-ն որոշում է հրապարակել

Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ին մասնակի բավարարել է Վճռաբեկ դատարանի դիմումը, որը վերաբերում է Մարտի 1-ի վարույթով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի գործին։ 

Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերին, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու հարցով։ 

«ՍԴ-ն որոշել է, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից»,- ասացին ՍԴ հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ մյուս մասերով գործի վարույթը կարճվել է։ 

Այսպիսով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը կարող է վերաորակավորվել։

Որոշման տեքստը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

2021 թվականի մարտի 26-ին ՍԴ-ն որոշել էր, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով մեղադրվում էին Ռոբերտ Քոչարյանը և մյուսները, չի համապատասխանում Սահմանադրությանը, որից հետո նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, քանի որ դատախազությունը չէր կարող վերաորակավորել մեղադրանքը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում